Thursday, January 19, 2012

Մետաղյա Կծիկ

Ու նորից Դու, դու, դու
Դու` իմ վախերի ու կասկածների մարմնացում:
Դու` մի սև կետ երկար ու լուսավոր թունելում:
Վախ, որ կա նույնիսկ բարձր ու զվարթ ծիծաղում:
Կասկած, որ կրծում է հոգիդ, անգամ երբ վստահ ես ու համոզված, որ որոշումդ ճիշտ է: ճի՞շտ: Իսկ ո՞րն է ճիշտը: Ո՞վ որոշեց ճիշտն ու սխալը: Ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է քննադատը:
Սխա՞լ, ո՞վ է սխալ, դու թե՞ նրանք: Նրա՞նք, որ քննադատում են, սխալ համարում: Իսկ դու՞, դու լսում ես ու ենթարկվու՞մ:
ԾիԾաղելի է:
Այսօր մեկն արթնացավ ու որոշեց, որ դու սխալ ես: Եվ նույն օրը երեկոյան դու կգնաս քնելու  այն մտքով, որ նա ճիշտ էր: Իսկ առավոտյան կարթնանաս խառնաշփոթի մեջ, խճճված ճշտի ու սխալի մետաղյա կծիկում, որ անհնար է քանդել: Մետաղյա կծիկ, որ օր օրի ծանրանում է, մեծանում, դառնում քո մասնիկը: Իսկ հետո՞:
 Հետո կծիկն ավելի է մեծանում ու արդեն դու ես դառնում այդ հսկա կծիկի մի մասը: Կասկածի ու անվերջ մտքերի կծիկ, որ ներսից ուտում է քեզ: Ու դու քո ողջ զայրույթը թափում ես մյուսների վրա, նրանց, ովքեր ճիշտ են, ովքեր սխալ են, ովքեր անհույս անցորդներ են, նրանց, ովքեր քեզ համար կարևոր են, նույնիսկ նրանց, ովքեր պարզապես թքած ունեն: Իսկ հետո՞: Կարծես դաժան խաղ լինի, տարօրինակ օրենքներով, որ չգիտես թե ով է հնարել: Հետո՞:

Սա էլ օրենքներից մեկն է, ամեն քայլից հետո ինքդ քեզ հարց պիտի տաս` իսկ հետո՞: Ի՞նչ հետո: Հետոն հետո կգա, երբ պետք լինի, երբ ժամանակը գա: Բայց ո'չ: Ամեն վարկյան մենք հարցնում ենք ինքներս մեզ, հետո՞: Ասես մենք էլ օրացույց լինենք, ագահ ժամացույց, որ հաշվում է յուրաքանչյուր վարկյան: Հետո՞, իսկ հետո՞, ի՞նչ ես անելու սրանից հետո: Ու այս հարցի գերին ենք դառնում: Ինքներս մեզ չենք թողնում հանգիստ շնչել: Հետո՞, իսկ շնչելուց հետո՞: Շնչելուց հետո արտաշնչել, իսկ հետո՞, նորից շնչել ու այսպես շարունակ, անվերջ ու անդադար: Հետո՞, հետո վազք, վազում ենք, որ չուշանանք, վազում ենք, որ հասցնենք: Վազում ենք ու նույնիսկ ժամանակ էլ չի մնում, որ ետ նայենք ու հասկանանք թե ինչքան բան ենք բաց թողել վազքի ժամանակ, թե ինչքան բան ենք թողել հետևում...

                                                                                                                             © LiLit Ghazaryan

No comments: