Friday, April 6, 2012

Իմ սիրելի քաղաք

  Ողջույն ընկերս:
  Այսօր քեզ վերևից եմ նայում: Ինքնաթիռի փոքրիկ պատուհանից աշխատում եմ որսալ քո գիշերային ողջ գեղեցկությունը: Լույսեր... Որքան ջերմություն կա քո լույսերում, որքան գեղեցիկ ես ընկերս: Իմ սիրելի քաղաք, իմ Երևան: Վերևից նայում եմ քեզ ու մտածում, որ ժամանակին գուցե չեմ հասկացել քեզ, բայց դու հանդուրժել ես ու մեղմ ժպտացել: Դու հիմա էլ ես մեղմ ժպտում, իսկ ես փայտացած նստած եմ ինքնաթիռի աթոռին, նայում եմ քեզ ու հասկանում, որ չգնացած արդեն կարոտը խեղդում է ինձ: Անգամ չեմ փորձում զսպել արցունքներս, եթե նույնիսկ ուզենաի՝ չէի կարողանա:
Photo by LiLit G.
  Իմ սիրելի քաղաք... 
  Որքան ջերմ հիշողություններ եմ թողնում քո գրկում ու հեռանում: Գիտեմ, դու դրանք պահելու ես քո տաք սրտում, պահելու ես այնքան ժամանակ մինչև վերադառնամ, ու այդ ժամանակ նորից իմ առջև կբացես անցյալի դռները՝ իմ սեփական անցյալի: 
  Եթե կարողանաի կգրկեի  քեզ ընկերս, ամուր-ամուր կգրկեի հրաժեշտից առաջ: Որքան դժվար է բաժանվել քեզնից քաղաքս, իմ մասնիկ, իմ մանկություն, իմ անցյալ ու ներկա, իմ ապագայի անբաժան մասնիկ: Չէ՛, բաժանումը չի, որ ստիպում է ինձ զգալ այս ամենը: Ես քեզ միշտ էլ կարոտում էի, անգամ երբ քայլում էի քո փողոցներով, բայց վախը, որ հեռավորությունը կարող է օտարացնել մեզ, սարսափելի է:
  Բայց դու ժպտում ես...
  Ինչ-որ խորհրդավոր, բայց իմաստուն թախիծ կա թաքնված քո հայացքում: Դու ժպտում ես, կարծես ինձ համոզելով, որ ամեն ինչ լավ կլինի, որ ինչ էլ որ պատահի մենք ընկերներ կմնանք, կլինենք միասին: Քո ժպիտը հուսադրող է, բայց ոչ այնքան որ հաղթահարի իմ վախն ու տխրությունը: Որքան եմ զգալու քո կարիքը ընկերս: Որքան եմ կարոտելու մեր զրույցները, զբոսանքները քո գողտրիկ փողոցներով:
  Իմ լավ ընկեր, իմ քաղաք, իմ Երևան...
  Գնում եմ...
Photo by LiLit G.
  Չգիտեմ, ճիշտ է, թե՞ սխալ, լավ, թե՞ վատ: Միայն մի բան գիտեմ հաստատ՝ դժվար է քեզնից բաժանվել: Դժվար է բաժանվել հին ու լավ ընկերոջից, որի հետ ամբողջ կյանքդ ես անցկացրել: Մի նեղացիր իմ լավ ընկեր, մի մեղադրիր ինձ, պարզապես հասկացիր: Գիտեմ, դժվար է, բայց հասկացիր ու ներիր եթե կարող ես: Ես քեզ չեմ լքում ու հեռանալիս էլ, հավատա, սրտիս մի մեծ կտոր թողնում եմ այստեղ՝ քո գրկում:
  Եթե երբևէ հուսահատվեմ, հուսալքվեմ, հիշելու եմ քեզ ու քո մեղմ ժպիտը: Ես սիրում եմ քեզ իմ Երևան, իմ լավ ընկեր: Ես չեմ ուզում արդարանալ, բացատրություններ տալ, որովհետև գիտեմ, որ ինքդ էլ ամեն ինչ շատ լավ հասկանում ես, գուցե և ինձնից էլ լավ:
  Քո հրաժեշտի մեղմ ժպիտն ինձ ուժ է տալիս, ստիպում է հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի: Գուցե դու ինձնից լավ գիտես, թե ինչ կլինի հետո, ու քո ժպիտն ինձ ստիպում է ավելի վստահ լինել իմ որոշման մեջ:
  Իմ լավ ընկեր, հավատա, բառերն անզոր են բացատրել այն, ինչ զգում եմ հիմա: Նստած ինքնաթիռի այս աթոռին, փոքրիկ պատուհանից նայում եմ իմ գիշերային Երևանին ու մտածում...
  Իմ քաղաքը գիտի, թե ես ինչ եմ մտածում:
  Իմ քաղաքն ինձ առանց խոսքերի էլ է հասկանում:
  Ես չեմ կարողանում զսպել արցունքներս, ես դեռ արտասվում եմ, իսկ քաղաքս նայում է ինձ ու շարունակում մեղմ ժպտալ:
  Իմ սիրելի քաղաք...

                                                                                                                    © LiLit Ghazaryan

No comments: